Կայացավ Ռոմանիզացիայի համակարգերի ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների աշխատանքային խմբի առցանց հանդիպումը
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Ռոմանիզացիայի համակարգերի ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների աշխատանքային խմբի առցանց հանդիպումը, որին մասնակցում էին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության,արտաքին կապերի վարչությունների, Գեոմատիկայի կենտրոնի, Արդարադատության նախարարության և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Էստոնիայի լեզվի ինստիտուտի մասնագետները:
Ռոմանիզացիայի համակարգերի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Պիտեր Պոլը ներկայացրեց աշխատանքային խմբի նպատակները, խնդիրներն ու սկզբունքները։
Քննարկվեցին ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների ռոմանիզացիայի համակարգերի, ՄԱԿ-ի կողմից դրանց ընդունման սկզբունքների և չափանիշների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանում աշխարհագրական անվանումների ռոմանիզացիային առնչվող ընթացիկ ծրագրեր: Էստոնիայի ներկայացուցիչները նշեցին, որ միջազգային մեկ ընդհանուր համակարգը թույլ կտա հասնել համաշխարհային ստանդարտացմանը:
Աշխատանքային խմբի համակազմակերպիչները պատրաստակամություն հայտնեցին օգնել հայ փորձագետներին գիտական սկզբունքների վրա հիմնված ճշգրիտ ռոմանիզացիայի համակարգերի ստեղծման գործընթացում:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել հետագա արդյունավետ համագործակցությունը: