Աշխատանքային խորհրդակցություն
Հուլիսի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Մուրադյանը հավաստեց, որ համայնքներից հավաքագրվող ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների հասցեների ճշգրտման աշխատանքներն ավարտված են։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանձնարարեց ներկայացնել «Զանգերի կենտրոնի» գործարկման վերաբերյալ առաջարկությունների վերջնական տարբերակ՝ ապահովելով մասնագիտական վարչությունների հնարավոր ներգրավվածությունը։
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կադաստրային քարտեզների ուղղման կարգի վերջնական նախագիծը՝ քննարկված և ներկայացված բոլոր դիրքորոշումներով հանդերձ։
Ավարտական փուլում է գտնվում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը։ Սույն նախագծով ակնկալվում են մի շարք դրական փոփոխություններ շուկայական գնահատման գործունեության ոլորտում։
e-cadastre.am էլեկտրոնային հարթակի զարգացմանն ու պարզեցմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Կայքում նախատեսվում են բարեփոխումներ, որոնց արդյունքում Կադաստրի առցանց ծառայություններից օգտվելը ավելի պարզ և մատչելի կդառնա քաղաքացիների համար։