Թվայնացման գործընթացներն օրակարգային են. աշխատանքային խորհրդակցություն
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում համակարգում արձանագրված բարեփոխումներին՝ այսօրվա խորհրդակցության ընթացքում կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն օրակարգային ու կարևոր համարեց թվայնացման աշխատանքների շարունակականությունը։
Տվյալների բազայում առկա չնույնականացված սուբյեկտների քանակի վերաբերյալ հաշվետվությամբ միայն նախորդ տարվա ընթացքում կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներն իրականացրել են 850․000 սուբյեկտի նույնականացնում, ինչը թույլ է տալիս վստահաբար ասել, որ միայն կոմիտեի աշխատակիցների ռեսուրսներով հնարավոր է շատ արագ հասնել վերջնական արդյունքի։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերջնական փաթեթը ներկայացված է համաձայնության, վերջնական քննարկումներից հետո փաթեթը կուղարկվի ստորագրության։
Հանդիպմանը քննարկվեցին նաև գնահատման տվյալների բազայում հայտնաբերված թերությունները հնարավորինս արագ շտկելու և մասնագիտական առաջարկներն իրավասուներին փոխանցելու մեխանիզմները։
Գեոդեզիայի և քարտեզագրության վարչությունում այս պահին ամփոփվում են գերատեսչություններից ստացված կարծիքները բազային և թեմատիկ շերտերի ուղեցույցների վերաբերյալ, որից հետո արդեն կներկայացվեն վերջնական տարբերակները։
Աշխատանքները շարունակվում են նաև հանրապետության հասցեների վերջնական բազան ամբողջական և ավարտուն տեսքի բերելու ուղղությամբ։