Ուժի մեջ է մտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը
Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 24-ից ուժի մեջ է մտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով պարզեցվում է պայմանագրի գործողության ընթացքում, ինչպես նաև գործողության ժամկետն ավարտվելու դեպքում իրավունքի դադարման պետական գրանցման ընթացակարգը:
Մասնավորապես նախատեսվում է, որ եթե օրենքով նախատեսված է պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը վերսկսելու հնարավորություն, ապա պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում կողմերից որևէ մեկի ներկայացրած դիմումի հիման վրա: Այս կարգավորմամբ հնարավորություն է ընձեռվում, օրինակ, վարձակալության պայմանագրի կողմերից յուրաքանչյուրին որոշելու պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն երկարացնելու կամ լուծելու հարցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդված, 2-րդ մաս) ավելի որոշակի, միևնույն ժամանակ պարզեցված ընթացակարգով:
Բացի այդ հնարավորություն է ընձեռվում առավել հեշտացված կարգով դադարեցնելու գրանցված իրավունքը պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքերում:
Օրենքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ https://www.arlis.am/ կայքից: