Փորձի փոխանակում Ռոսռեեստրի և Կադաստրի կոմիտեի մասնագետների միջև

09.08.2021
Փորձի փոխանակում Ռոսռեեստրի և Կադաստրի կոմիտեի մասնագետների միջև

Երկկողմ համագործակցության շրջանակներում փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Ռոսռեեստրի) և Կադաստրի կոմիտեի մասնագետների միջև նախորդ շաբաթ տեղի ունեցավ առցանց հանդիպում օրթոֆոտոլուսանկարների օգնությամբ քարտեզագրական նյութերում ուղղումներ կատարելուն առնչվող թեմաներով։

Հանդիպման հիմնական նպատակը տարատեսակ անօդաչու սարքերի կիրառմամբ ստացված լուսանկարների, օրթոհատակագծերի միջոցով գրանցամատյաններում և կադաստրային քարտեզներում եղած սխալների շտկման փորձի փոխանակումն էր:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին թեմատիկ զեկույցներ, մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման, իրավական կարգավորումների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և օրթոլուսանկարների մշակումը ներկայացնող ժամանակակից մեթոդների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև մի շարք այլ մասնագիտական հարցեր

։

Կողմերը վերահաստատեցին, որ ներկայացված մեթոդների կիրառումը գործնականում ապահովում է քարտեզների բարձր ճշգրտություն, իսկ համագործակցության արդյունքում կադաստրային քարտեզներում առկա սխալների շտկման աշխատանքներն ավելի առարկայական և արդյունավետ են դառնում:

Ռոսռեեստրի և Կադաստրի կոմիտեի մասնագետները հույս հայտնեցին, որ այսօրինակ հանդիպումներն ու քննարկումներն անպայման կնպաստեն հետագա արդյունավետ փոխգործակցությանը այս կարևոր ոլորտում։