Կհստակեցվեն 2020-ի գնումները, իսկ KPI-ի ցուցիչով շատերի խրախուսման որոշումը հաստատ է և արդարացի. աշխատանքային խորհրդակցություն
2019 թվականի վերաբաշխումից զատ, հոկտեմբերի 7-ի խորհրդակցությանը կարևորվեց 2020 թվականին Կադաստրի կոմիտեի կատարելիք գնումների հստակեցումը՝ հատկապես համակարգի գրասենյակների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համար։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, որը ղեկավարում է KPI-ի ցուցիչով խրախուսման կարգը մշակող աշխատանքային խումբը, հաշվարկի և շրջաբերականների փոքր-ինչ ուշացումն այսօրվա խորհրդակցությանը բացատրեց նրանով, որ առավել արդարացի հաշվարկ-վերլուծության համար խմբի անդամները որոշեցին վերլուծականի մեջ ներառել նաև սեպտեմբեր ամսվա տվյալները։ Սահակյանն իր զարմանքը փոխանցեց ստորաբաժանումներում «գեներացված դժգհության» առիթով.
«Մինչդեռ նախորդ շաբաթ, երբ նման մտահոգությամբ ինձ մոտ էր եկել ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, բացատրեցի, համոզվեց, որ նոր կարգն արդարացի է և ճշգրիտ»,- ասաց Սահակյանը։
Ըստ KPI-ի ցուցիչի խրախուսման արդարացիությանն անդրադարձավ նաև գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը, երբ ներկայացնում էր համակարգի աշխատակիցների հաճախելիության հարցը.
«Պարզվում է, որ վաղուց գործող հնարամտության տեսակ կա, երբ ծանրաբեռնվածությունը սեփական ուսերից թոթափելու համար ոմանք բժշկից անաշխատունակության թերթիկ են վերցնում նման օրերին… Փաստորեն, նման կեղծիքով գործընկերոջ ուսերին են դնում իրենց բեռը, մյուս կողմից, դժվար կացության մեջ են դնում դա կռահող թե' անմիջական ղեկավարներին, թե' ընդհանրապես Կոմիտեի ղեկավարությանը»։
Քննարկմանը հստակ դարձավ, որ հիմնականում Միասնական ստորաբաժանումում ռեգիստրներից ոմանց մոտ է հայտնաբերվել այդ «սովորությունը»։ Գրիգորյանն ավելացրեց, որ, իհարկե, կարելի է նաև Առողջապահության նախարարության հետ քննարկել նման դեպքերը բացահայտելու, կանխելու հնարավորությունները, բայց և դեռևս սպառված չի համարում ներքին ռեսուրսները, և այստեղ օգնության կարող է գալ նաև ըստ KPI-ի խրախուսման կարգը։ Արայիկ Սահակյանը հաստատեց.
«Եթե շատ պարզունակ ձևով բացատրելու լինենք, այն աշխատակիցը, որն օրական 10 քաղաքացու գործ է նախապատրաստում և այն աշխատակիցը, որն օրական 50 քաղաքացու գործ է նախապատրաստում, խրախուսման նույն չափին չպետք է արժանանան։ Ամսական աշխատավարձը նրանք հավասարաչափ ստանում են իրենց կատարած ստանդարտ ծավալի աշխատանքի համար, բայց խրախուսումը պետք է համեմատական լինի իրենց փաստացի, ստանդարտից ավելի աշխատանքին»։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանի հետ այս օրերին Մանչեստրում մասնակցում է Եվրոգեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին։