Աշխատանքային խորհրդակցություն

24.08.2021
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ օգոստոսի 23-ին կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ընդգծելով, որ կատարվող բարեփոխումների հիմքում եղել և շարունակում է մնալ համակարգն առավելապես թվայնացված դարձնելու գաղափարը, կոմիտեի ղեկավարը նկատեց, որ դրան միտված որոշումները շատ կարևոր են, իսկ պատասխանատուներից ակնկալվում է առավել հետևողական աշխատանք։

ՀՀ Կառավարության կողմից ընդունված ծրագրում առանձին պարբերությամբ տեղ է գտել «Տարածական տվյալների ենթակառուցվածք» բաժինը, ինչը նշանակում է, որ Կոմիտեի հնգամյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում Կոմիտեն ունի կարևոր հանձնառություն՝ նշված ժամանակահատվածում գործարկել այդ ենթակառուցվածքները։

Աշխատանքի արդյունավետության համար Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս հորդորեց գրանցման և իրավաբանական վարչության պատասխանատուներին առավել հետևողական և համակարգված կազմակերպել աշխատանքը տարածքային ստորաբաժանումների հետ։

Գեոդեզիայի և հողաշինարարության ոլորտում անհրաժեշտ են ռազմավարական նոր մոտեցումներ, իսկ նախորդ շաբաթ հայտարարված մրցույթների արդյունքում վարչությունն առաջիկայում կհամալրվի նաև նոր մասնագետներով։ 

Թովմասյանի դիտարկմամբ՝ Կադաստրի կոմիտեի ռազմավարական քայլերի հաջորդականությունն ու հեռանկարային բոլոր ծրագրերը նախևառաջ պայմանավորված են Կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի լայնածավալ աշխատանքով, որի գործառույթներին առաջիկայում ևս մանրամասն կանդրադառնանք։