Աշխատանքային խորհրդակցություն

05.10.2021
Աշխատանքային խորհրդակցություն

Հոկտեմբերի 4-ին Կադաստրի կոմիտեում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը հաշվետվություն ներկայացրեց ընթացիկ իրավական ակտերի մշակման վերաբերյալ՝ մանրամասն անդրադառնալով այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանը հանձնարարեց ամփոփել  բոլոր ավարտական նախագծերը։

Խորհրդակցության հաջորդ կարևոր հարցը վերաբերում էր ՊԵԿ-ի կողմից կալանքների կիրառման  առցանց հարթակի ներդրման գործընթացին։ Էլեկտրոնային հարթակի միջոցով տվյալներն ինքնաշխատ եղանակով կմուտքագրվեն համակարգ, ինչը թույլ կտա կրճատել  զգալի քանակությամբ աշխատանքային պրոցեսներ և ժամանակ, ինչպես նաև  հետզհետե հրաժարվել  թղթային տարբերակից։

Անդրադառնալով ARPIS տեղեկատվական համակարգին՝ Սուրեն Թովմասյանը, նշեց, որ այն պարբերաբար կատարելագործվում  է, իսկ համակարգի շարունակական  թարմացումը, տեխնիկական բարեփոխումները, ինչպես նաև անվտանգությունը Կադաստրի կոմիտեի առաջնահերթ խնդիրներից են։

Տևական ժամանակ է Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» և «Արաբկիր» սպասարկման գրասենյակներում  հաջողությամբ գործում են առցանց ծառայությունների մատուցման համար  նախատեսված  պատուհաններ, որտեղ  քաղաքացիները կարող են մասնագետի օգնությամբ ծանոթանալ  առցանց դիմումների ներկայացման եղանակներին։ Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով նմանատիպ պատուհաններ  նախատեսվում է բացել նաև  մարզային գրասենյակներում՝ բնակիչներին առցանց հարթակի մասին ավելի մանրամասն  իրազեկելու համար։