Տեղի ունեցավ ԱՊՀ միջպետական խորհրդի 43-րդ նստաշրջանը

15.10.2021
Տեղի ունեցավ ԱՊՀ միջպետական խորհրդի 43-րդ նստաշրջանը

2021 թվականի հոկտեմբերի 14-ին հեռավար ձևաչափով տեղի ունեցավ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի 43-րդ նստաշրջանը:

Նստաշրջանին ներկա էին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության քարտեզագրական և գեոդեզիական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ Միջպետական խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և տարածքային զարգացման նախարարության հողային ռեսուրսների պետական գործակալության տնօրեն Աբդուլատ Միրզաևը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց անվտանգության և նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համագործակցության վարչության տնօրենի տեղակալ Ֆարխատ Աբդուխալիկովը:

Նստաշրջանի ընթացքում Միջպետական խորհրդի անդամները քննարկեցին նախորդ նիստում ընդունված որոշումների կատարումը և ԱՊՀ պետությունների քարտեզագրական և գեոդեզիական ծառայությունների գործունեությունը միջնստաշրջանի ժամանակահատվածում:

Նստաշրջանի արդյունքում միջպետական խորհրդի գործունեությունը բարելավելու ուղղությամբ կայացվեցին մի շարք կարեւոր որոշումներ։

2022 թվականի համար Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնեց Հայաստանի Հանրապետությունը։