Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներին, ներառյալ տարածական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, տարածմանը և տրամադրմանը վերաբերող հարցերը:
Իր ելույթում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ նախագծով սահմանվել են տարածական տվյալների և ենթակառուցվածքների, բազային և թեմատիկ տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները, աշխարհագրական տեղեկատվական համակարգի, գեոպորտալի, տարածական և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումները:
Սահմանվել է նաև, որ նախագծային փաստաթղթերը հաստատվում են միայն Կադաստրի կոմիտեի համաձայնությամբ, իսկ Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտների համաձայն՝ Կոմիտեն տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:
Նախագիծը կարգավորում է ինչպես տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, վարման, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծման, դրա հասանելիության ապահովման և այլ հարցեր, այնպես էլ տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հավելեց նաև, որ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տարածական տվյալների և տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում:
Փոփոխությունները կնպաստեն կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը:
Իր խոսքում Սուրեն Թովմասյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման և օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցության կարգը:
- Սուրեն Թովմասյանի ելույթը և պատգամավորների հնչեցրած հարցերի պատասխանները՝ հղումով.