«Erasmus GeoTAK» կրթական ծրագրի մեկնարկը

01.11.2021
«Erasmus GeoTAK» կրթական ծրագրի մեկնարկը

ՀՀ Կադաստրի կոմիտեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, հայաստանյան մի շարք բուհերի, ինչպես նաև եվրոպական ու ղրղզ գործընկերների հետ համատեղ իրականացնում է «Erasmus GeoTAK» կրթական ծրագիրը՝ նախատեսված 2021 -2024 թվականների համար։

Ծրագրի նպատակն է Հայաստանում և Ղրղզստանում մշակել հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր աշխարհատեղեկատվական (GIS) տեխնոլոգիաների ոլորտում, ամրապնդել հետազոտական ու նորարարական կապերը բուհերի, արդյունաբերական գործընկերների և ինստիտուցիոնալ կառույցների միջև։

Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրի ստեղծմանն ու զարգացմանը աջակցելու նպատակով ձևավորվել է մասնագիտական Խորհրդատվական մարմին, որտեղ ներգրավված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

2021 թվականի հոկտեմբերի 28-ին Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում կայացավ Խորհրդատվական մարմնի առաջին նիստը, որին մասնակցում էին Կադատրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, կոմիտեի Գեոմատիկայի ղեկավար Վահագն Մուրադյանը, ծրագրի հայաստանյան կողմից համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների, բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ, «Erasmus GeoTAK» ծրագրի աշխատանքային խմբի անդամները։

Նիստի ընթացքում քննարկվեցին Խորհրդատվական մարմնի խնդիրներին և գործունեությանն առնչվող հարցեր:

Հիմնական գործառույթները և վերջնական կազմը ձևավորելուց հետո Խորհրդատվական մարմինը կմեկնարկի իր աշխատանքը: Ներկաներն ընդգծեցին, որ այն լավ հարթակ կդառնա աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտական և գործնական խնդիրների լուծման համար: