Սուրեն Թովմասյանը հանդիպել է գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության ներկայացուցիչների հետ

11.01.2022
Սուրեն Թովմասյանը հանդիպել է գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության ներկայացուցիչների հետ

Երեկ՝ հունվարի 10-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանդիպել է գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինքնակամ կառույցների հաշվառման առանձնահատկությունները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները, ՀՀ Կառավարության 29.12.2005 թ. N2387-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները և լրացումները, ոլորտին առնչվող այլ հարցեր։

Միությունն իր մտահոգությունն է հայտնել ինքնակամ կառույցների հաշվառման նպատակով ընդունված իրավակարգավորումների որոշ հարցերի առնչությամբ և ստացել սպառիչ պատասխան։

Հաշվի առնելով քննարկման արդյունքները և հիմք ընդունելով ուժի մեջ մտած իրավակարգավորումները՝ հորդորում ենք․

  • Ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնել ճիշտ կոորդինատներով («GPS-ով»), և հաշվի չառնել կադաստրային քարտեզներում առկա սխալները /այդ թվում' հաշվառվող գույքի համադրումը կադաստրային քարտեզով արտացոլված այլ գույքային միավորների հետ/: Անհրաժեշտության դեպքում հաշվառման փաթեթին կցել եզրակացություններ, իրադրության սխեմաներ և այլն,
  • Եթե ինքնակամ կառույցն իրականացվել է տարբեր սեփականատերերին պատկանող հողամասերում, ապա հաշվառման փաթեթը կազմել յուրաքանչյուր սեփականատիրոջ մասով առանձին,
  • Սահմանազատված հողամասի պարագայում հաշվառել ամբողջ հողամասը, իսկ չսահմանազատված դեպքերում' պատվիրատուի կողմից ներկայացված սահմաններով,
  • Անկախ լուսանկարների նվազագույն և առավելագույն քանակների սահմանափակման պահանջից' լուսանկարները պարտադիր անել այնպես, որ հստակ արտացոլվի հաշվառվող բոլոր կառույցների հարկայնությունը և բոլոր կողմերը,
  • Հողամասի և շենք-շինությունների նպատակային և գործառնական նշանակությունը նշել փաստացի օգտագործմանը համապատասխան,
  • Լինել առավել զգոն և աշխատանքները կատարել բարձր ճշտությամբ' բացառելով տեխնիկական և ոչ տեխնիկական բնույթի սխալները:

Կադաստրի կոմիտեն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու միությանը, ինչպես նաև հաշվառողներին, իսկ միությունն էլ իր հերթին պատրաստակամ է մասնակցելու ոլորտային խնդիրների վերհանման, զարգացման ծրագրերի, իրավական ակտերի մշակման, հանրային իրազեկման, պարզաբանման և այլ հարցերում։

Մասնագիտական հանրույթի հետ հանդիպումներն ու քննարկումները կունենան պարբերական բնույթ։