Եռօրյա հանդիպում-սեմինարներ Գեոմատիկայի կենտրոնում

25.02.2022

Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում նախորդ շաբաթ տեղի ունեցան երկրորդ անգամ՝ «Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած “LX Korea” ընկերության եռօրյա աշխատաժողով-սեմինարները։

Հանդիպումներին մասնակցում էին բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները (Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,  Շրջակա միջավայրի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, Ոստիկանություն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով)։

Եռօրյա սեմինարների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին  «Երկրատարածական տվյալների ստանդարտի մշակումը», «Թեմատիկ կադաստրների ինտեգրման համար ուղեցույցների մշակումը» և «Ազգային գեոպորտալը» թեմաները։

Նշվեց նախորդ այցի ժամանակ ստացված տեղեկատվությունը խորությամբ ուսումնասիրվել է և կատարվել են համապատասխան վերլուծություններ։

Կորեական կողմը հավելեց, որ իրենց համար առաջնային է առկա տեղեկատվության հավաքագրումը, ստանդարտացման և ինտեգրման վերաբերյալ կարծիքների մշակումը։ Ներկայացվեցին Կորեայի և Ուզբեկստանի Հանրապետությունների փորձը։

Ներկայացվեց Գեոպորտալի տեխնիկական բնութագիրի նախնական տարբերակը, գեոպորտալի հնարավորությունները և կառուցվածքային առանձնահատկությունները։

Շնորհանդեսի ավարտից հետո ակտիվ քննարկումներ ծավալվեցին կորեացի գործընկերների և սեմինարի մասնակիցների միջև։ Հարցեր հնչեցին գեոպորտալի չափորոշիչների վերաբերյալ, տվյալների մուտքագրման վերահսկման և անվտագության ապահովման մասին, ինչպես նաև խոսվեց օրենսդրական դաշտում հնարավոր կարգավորումների մասին։