ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

07.03.2022
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։

Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։

Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը.

  • 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցները պետք է հաշվառել մինչև 2022 թվականի մարտի 15-ը։
  • Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
  • Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
  • Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։

Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։

 

ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ