Աշխատանքային քննարկում օրենքների նախագծերի վերաբերյալ

18.05.2022

Երեկ՝ մայիսի 17-ին Կադաստրի կոմիտեում կայացավ «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների նախագծերի  աշխատանքային հանդիպում-քննարկումը, որի շրջանակում  Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը, կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը, իրավաբանական վարչության պետ Վահե Բալայանը և հողաշինարարության բաժնի պետ Մկրտիչ Մկրտչյանը բովանդակային և արդյունավետ քննարկում ունեցան մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին մասնագետներ ՀՀ Արտակարգ իրավիճակների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունններից,  հանրային ծառայություններ մատուցող մարմիններից, բուհերից, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ինչպես նաև առանձին անհատներ և փորձագետներ։

Հիմնականում քննարկվեցին ՀՀ-ում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման ու փոխանակման հետ կապված հարաբերությունները, դրանց օրենսդրական կարգավորումները:

Ծանոթ լինելով օրենքների նախագծերին՝ հյուրերն առանձին-առանձին քննարկեցին հոդվածները՝  նախագծերի մշակման աշխատանքներում  ներգրավված պատասխանատուներին ներկայացնելով իրենց դիտարկումները։

Կարծիքներ հնչեցին, որ մշտադիտարկման կարգը սահմանվի ոչ թե ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով, այլ ավելի բարձր իրավական ակտով, հստակեցվի Ազգային գեոպորտալ մուտքագրված տարածական տվյալների նկատմամբ վերահսկողություն սահմանելու լիազորությունները, ինչպես նաև սահմանվի պատասխանատվություն՝ առանց թույլտվության տարածական տվյալների մշակման համար։

Կադաստրի կոմիտեն բաց է համագործակցության, մասնագիտական կարծիքների և դիտարկումների համար, ուստի նման քննարկումներ առաջիկայում ևս նախատեսվում են։

«Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների նախագծերի փոփոխված տարբերակները առաջիկայում կտեղադրվեն կոմիտեի պաշտոնական կայքում, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։