Աշխատանքային խորհրդակցություն

24.05.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Կարևորելով քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների քանակը հնարավորինս նվազեցնելու անհրաժեշտությունը՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում կոմիտեի ղեկավարը հանձնարարեց թե՛ տարածքային ստորաբաժանումներում, թե՛ կոմիտեում, աշխատանքը բաշխել այնպես, որպիսի մասնագետների ծանրաբեռնվածությունն առավել համաչափ և արդյունավետ լինի։

Սուրեն Թովմասյանը բավարար չգնահատեց նախորդ շաբաթվա ընթացքում նույնականացման աշխատանքներում գրանցված արդյունքները՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ ի սկզբանե որդեգրած օրակարգով միայն հնարավոր կլինի սահմանված ժամկետում ավարտել աշխատանքը։

Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանին հանձնարարվեց խստագույնս հետևել կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներին, ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ պարբերաբար զեկուցել։

Ամփոփվում են «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպված քննարկումների արդյունքները պետական շահագրգիռ գերատեսչությունների, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների պատասխանատուների հետ։

Մայիսի 15-ից 18-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության ամենամյա համաժողովի այցը, որին մասնակցում էին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանը, կոմիտեի ղեկավարը որակեց չափազանց արդյունավետ։

Այցի շրջանակում գործնական և շատ արդյունավետ հանդիպումներ են կազմակերպվել Իսպանիայի (նախատեսվում է փոխըմբռնման հուշագրի ստորագրում), Հունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի, Շվեդիայի պատվիրակությունների հետ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել վրաց գործընկերների հետ՝ արդեն իսկ սկսված արդյունավետ համագործակցությունը առավել ամրապնդելու համար։

Արտաքին կապերի վարչությանը հանձնարարվեց կազմակերպել միջազգային գործընկերներին շնորհակալական նամակներ ուղարկելու, հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու, ոլորտում կատարված թվայնացման աշխատանքներին ծանոթանալու համար վերջիններիս Հայաստան հրավիրելու գործնական աշխատանքները։