Հանդիպում Շիրակի մարզպետարանում
Շիրակի մարզպետարանում հուլիսի 19-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի և Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Կադաստրի կոմիտեի և Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ և մասնագիտական բաժինների պատասխանատուներ, մարզպետարանի աշխատակիցներ:
Մարզային հանդիպման նպատակն էր շահագրգիռ մարմիններին ներկայացնել Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ օրթոֆոտոհատակագծերի հիման վրա ուղղված կադաստրային քարտեզների վարման առանձնահատկությունները:
Մարզի բնակավայրերի շուրջ 95 տոկոսի կադաստրաին քարտեզներում արդեն իսկ ավարտված են համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքերի և սահմանների ուղղման աշխատանքները, որոնց արդյունքում հնարավորություն է ընձեռնվել առավել պարզեցված ընթացակարգով իրականացնել կադաստրային քարտեզներում անշարժ գույքի (հողամասի) միավորների գծային չափերի, տեղադիրքի, երկրաչափական տեսքի, ինչպես նաև նպատակային ու գործառնական նշանակության հետ կապված սխալների ուղղումը՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Կոմիտեի ներկայացուցիչների կողմից կարևորվեց նաև այն հանգամանքը, որ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորում ունեցող մասնագետների կողմից հողամասերի հատակագծերը պետք է կազմված լինեն բացառապես ժամանակակից գեոդեզիական սարքավորումների միջոցով իրականացված հանութագրման տվյալների հիման վրա, հաշվի առնելով, որ օրթոֆոտոհատակագծերի միջոցով ուղղված համայնքների վարչական սահմանները, թաղամասերի և անշարժ գույքի (հողամասի) միավորների սահմանները համարվում են մոտավոր:
Հանդիպման վերջում կոմիտեի և մարզպետարանի ներկայացուցիչները պատասխանեցին նաև ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերի։