ՈՒՂՂՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ
Ավարտվել են Շիրակի մարզի 122 բնակավայրերի, այդ թվում՝ Գյումրի քաղաքի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները (օրթոֆոտոհատակագծերի հիման վրա), և քարտեզների վարումն առցանց միջավայրում իրականացվում է ուղղված կադաստրային քարտեզներով:
Ուղղված կադաստրային քարտեզների ցանկը տեղադրված է https://www.e-cadastre.am/ կայքի «ՔԱՐՏԵԶ» բաժնում`
https://www.e-cadastre.am/page/377:
Օրթոֆոտոհատակագծերի հիման վրա ուղղված hամայնքների վարչական սահմանները, թաղամասերի և անշարժ գույքի (հողամասի) միավորների սահմանները համարվում են մոտավոր։
Ժամանակակից գեոդեզիական սարքավորումների (գլոբալ նավիգացիոն արբանյակային մասնագիտացված համակարգեր, էլեկտրոնային տախեոմետրեր և այլ ավելի բարձր ճշտությամբ տեղորոշման համակարգեր) միջոցով չափագրման արդյունքում կազմված հատակագծերը կադաստրային քարտեզում արտացոլելուց հետո միայն հողամասերի սահմանները կհամարվեն ճշգրիտ։
Ուղղված կադաստրային քարտեզներում անշարժ գույքի (հողամասի) միավորների սահմանների, տեղադիրքի, երկրաչափական տեսքի և այլ ուղղումներ իրականացնելիս դրանք պարտադիր համադրվում և համեմատվում են օրթոֆոտոհատակագծերի հետ:
Կադաստրային ուղղված քարտեզներում իրավունքի պետական գրանցում ստացած հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների ուղղումները կատարվում են հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի տվյալներին համապատասխան։