Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե կադաստրային քարտեզում պետք է ուղղվի Ձեր անշարժ գույքի գծային չափերը կամ մակերեսը, ապա անհրաժեշտ է այցելել Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի ( https://www.e-cadastre.am ) միջոցով ներկայացնել.
- դիմում (սեփականատիրոջ կամ իրավատիրոջ կողմից),
- համայնքի ղեկավարի գրություն՝ հողամասի սահմանները ուղղելու վերաբերյալ,
- համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծ։ (Նկար 1 և 2)
Ուղղման արդյունքում հարևան անշարժ գույքի (հողամաս) կամ գույքերի հետ համադրվելու դեպքում հարկավոր է ներկայացնել․
- դիմում (սեփականատիրոջ կամ իրավատիրոջ կողմից),
- համայնքի ղեկավարի գրություն՝ հողամասի սահմանները ուղղելու վերաբերյալ,
- համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծ,
- համադրվող անշարժ գույքերի (հողամաս) բոլոր սեփականատերերի և հողամասի նկատմամբ այլ իրավունքներ ունեցող անձանց համաձայնությունները։ (Նկար 3)
Վերջին կետը չի վերաբերում Շիրակի մարզի անշարժ գույքերին, քանի որ Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ՝ օրթոֆոտոլուսանկարների հիման վրա, ուղղվել են վերջինիս կադաստրային քարտեզում առկա վարչական սահմանների և կադաստրային թաղամասերի տեղադիրքերի ու սահմանների սխալները։
Այս դեպքում բավարար է ներկայացնել սեփականատերերից մեկի կողմից տրված համաձայնությունը, եթե համաձայնություն տվողը գրավոր հայտարարությամբ հավաստում է մյուս համասեփականատերերի համաձայնության մասին:
Կադաստրային քարտեզների ուղղումը իրականացվում է ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 29-ի` «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման դրույթների համաձայն։