Աշխատանքային խորհրդակցություն
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը գործընկերներին ներկայացրեց կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Արևիկ Ավոյանին՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Հանդիպմանը մասնակցում էին նաև կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկվեցին ստորաբաժանումներին տրված ընթացիկ հանձնարարականները։ Գնահատման վարչությունը երկշաբաթյա ժամկետում կոմիտեի ղեկավարին կներկայացնի տարածագնահատման գոտիների հողերի գնային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա տեղեկատվություն ունենալ և անհրաժեշտության դեպքում հանդես գալ համապատասխան օրենսդրական առաջարկություններով:
Ամփոփվել են Սիսիան և Տաթև համայնքների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները, նախագծերի փաթեթներն ուղարկվել են համայնքների ղեկավարներին:
Ծաղկաձոր և Հրազդան համայնքների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքների նախագծերի վերաբերյալ առաջիկայում կհրավիրվի խորհրդակցություն, որին, մասնագիտական ստորաբաժանումներից բացի, կմասնակցեն նաև հիշյալ համայնքների ղեկավարները։
Գրանցման վարչությանը հանձնարարվեց առաջարկություն ներկայացնել կադաստրային քարտեզների ուղղման արդյունքում առաջացած անշարժ գույքի մակերեսների փոփոխության համար իրավահաստատող փաստաթղթերի պահանջի անհրաժեշտության մասով օրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու վերաբերյալ: