Աշխատանքային խորհրդակցություն
Նոյեմբերի 7-ին կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում, որը վարում էր Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, մեկ անգամ ևս անդրադարձ եղավ ոչ առցանց վարվող քարտեզներ ունեցող համայնքներին, հստակեցվեց ժամանակացույցը, թե որքան ժամանակահատվածում հնարավոր կլինի քարտեզները տեղափոխել առցանց միջավայր:
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներքին շրջանառության է դրված տարածագնահատման գոտիների հողերի գնային վերլուծության փաթեթը, ամփոփվում են մասնագիտական ստորաբաժանումների կողմից ստացված կարծիքները:
Սուրեն Թովմասյանը մեկ անգամ ևս կարևորեց Mobile հավելվածի հնարավորինս արագ ներդրումը՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ ծրագրավորման աշխատանքները կավարտվեն, և հավելվածը կսկսի գործել։
Չափագրողների և գնահատողների առցանց գրասենյակների զարգացման և մասնագետներին առավել հեշտացված և արդիականացված ծրագրային հնարավորություններ ստեղծելու համար մասնագիտական վարչություններին հանձնարարվեց մշակել զարգացման հայեցակարգ՝ ինչպես ավելացնել ծրագրային հնարավորությունները, ինչպես առավել արդյունավետ համագործակցել, ինչ փոփոխություններ նախաձեռնել ոլորտը կարգավորող իրավական ակտերում։