Ո՞Վ Է ԺԱՌԱՆԳԱՏՈՒՆ, Ո՞Վ Է ԺԱՌԱՆԳԸ, ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐ
Ժառանգատու է համարվում այն քաղաքացին, որի մահվանից կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելուց հետո նրան պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն:
Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ #օրենքի և ժառանգներ ըստ #կտակի:
Ժառանգն այն անձն է, որն ըստ օրենքի կամ ըստ կտակի իրավունք ունի բաժին ստանալու ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքից:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի՝ ըստ #օրենքի և ըստ #կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի՝ #առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները,
#երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը ( ՀՀ քաղ. օր. 1217-րդ հոդված)։
Ժառանգությունը ընդունելու կամ ժառանգության վկայագիր ստանալու համար նոտարին դիմելը պետք է իրականացվի վեց ամսվա ընթացքում` հաշված ժառանգության բացման պահից:
Վեց ամիսն այն ժամկետն է, որի ընթացքում ժառանգությունն ընդունել ցանկացող ժառանգները պարտավոր են նոտարին հայտնել ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու իրենց կամքը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Տրված ժառանգության վկայագրի (իրավահաստատող փաստաթուղթ է) հիման վրա կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում: