Աշխատանքային խորհրդակցություն

28.11.2022

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում այսօր մեկ անգամ ևս անդրադարձ եղավ Mobile հավելվածի ծրագրավորման աշխատանքների ընթացքին, պատասխանատուներին հանձնարարվեց շաբաթվա վերջում հստակեցնել ծրագրի իրագործման հնարավորություններն ու ժամկետները։

Մասնագիտական վարչությունների ղեկավարների հետ քննարկվեցին իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերը միայն էլեկտրոնային տարբերակով ընդունելու և շրջանառելու ուղղությամբ նախատեսվող քայլերը, գործողությունների պլան կազմելու անհրաժեշտությունը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և իրավաբանական վարչության մասնագետներին հանձնարարվել է քննարկել և ներկայացնել դատական գործերի թվայնացման տեխնիկական առաջադրանքը՝ կոնկրետ առաջարկներով:

Գրանցման վարչության կողմից ուսումնասիրվել են իրավունքի պետական գրանցման կասեցումները, ներկայացվել է հաշվետվություն 3 կամ ավելի կիրառված կասեցումների դեպքերի վերաբերյալ, քննարկվել են կասեցումների հիմնական պատճառները:

Շարունակվում են սուբյեկտների նույնականացման աշխատանքները, որոնց վերաբերյալ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հնչեցրեց կոնկրետ հանձնարարականներ, իսկ կատարման վերաբերյալ կներկայացվի հաշվետվություն։