ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ LX KOREA-ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

22.02.2023

Փետրվարի 21-24-ը՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանում է գտնվելու «LX Korea» ընկերության փորձագետների առաքելությունը:

Այցի ընթացքում ՀՀ Կադաստրի կոմիտեի, ինչպես նաև հանրապետության այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կորեացի փորձագետները կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ տարածական տվյալների ազգային ստանդարտների ստեղծման և կիրառման, Գեոպորտալի հնարավորությունների, ինտեգրման ուղեցույցների պահանջների իմացության վերաբերյալ։

Երեկ կորեական ընկերության ներկայացուցիչները կոմիտեի մասնագիտական վարչությունների և Գեոմատիկայի կենտրոնի աշխատակիցներին ներկայացրեցին ստանդարտ փաստաթղթերը ընթերցելու, ընկալելու մեթոդները, ստանդարտների մշակման ընթացակարգերի մանրամասները, եղավ նաև հարց ու պատասխան։

Այցելության վերջին օրը` փետրվարի 24-ին կկազմակերպվի ամփոփիչ աշխատաժողով: