Աշխատանքային խորհրդակցություն

28.02.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Այս շաբաթ վերջնական եզրակացությամբ և հիմնավորումներով պատրաստ կլինի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենքներից բխող իրավական ակտերի (որոշումներ, հրամաններ) ցանկը և դրանց ընդունման պլան-ժամանակացույցը: Այս մասին երեկ՝ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

Շարունակվում են ուսումնասիրությունները և կոմիտեի ղեկավարին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում գրանցման կասեցումների, դրանց պատճառների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների կողմից կադաստրային քարտեզներում անշարժ գույքերի տեղադրման աշխատանքների վերաբերյալ։

Նախատեսվում է աշխատանքային հանդիպում կազմակերպել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերը (բացառությամբ՝ քաղաքաշինության փաստաթղթերի) միայն էլեկտրոնային տարբերակով ընդունելու ընթացակարգերի վերաբերյալ և ներկայացնել համապատասխան իրավական կարգավորումների ժամանակացույց:

Այս պահին ուսումնասիրության փուլում է նաև հասցեների տրամադրման որոշումների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությունը, որի նախագիծը կոմիտեի գրանցման և իրավաբանական վարչության պատասխանատուները երկշաբաթյա ժամկետում կներկայացնեն քննարկման։

Մեկամսյա ժամկետում կոմիտեի ղեկավարին կներկայացվի զեկույց՝ համայնքներից հավաքագրված, ճշտված հասցեների բազաները տարածական կապակցված ֆայլերով «ARPIS» համակարգին ինտեգրելու վերաբերյալ։