Նյու Յորքում ընթանում է աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի 3-րդ նստաշրջանը

04.05.2023

Մայիսի 1-5-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ընթանում է աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի 3-րդ նստաշրջանը, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների գերատեսչությունների մասնագետներն ու ներկայացուցիչները հնարավորություն ունեն ներկայացնելու աշխարհագրական անվանումների վարման, ճշգրտման և ստանդարտացման ընթացիկ իրավիճակը, արդի գլոբալ մարտահրավերները և առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակման ճանապարհով գտնել դրանց դիմակայելու լավագույն լուծումները:

Նստաշրջանին մասնակցում են 98 անդամ-պետությունների և 2 դիտորդ երկրների, ինչպես նաև միջկառավարական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Կադաստրի կոմիտեն ներկայացնում են կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Կիմա Վաղարշակյանը։

Հայկական պատվիրակությունը հանդես կգա զեկույցով` «ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանումների ազգային ստանդարտացման գործընթացը» թեմայով, որով կներկայացվի վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումները, աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման համակարգի թվայնացման, ինչպես նաև ստանդարտացման իրավական բազայի ձևավորման ուղությամբ կատարված աշխատանքերը:

Մի շարք այլ երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս հանդես կգան օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով: ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի նստաշրջանները անցկացվում են երկու տարին մեկ անգամ: