Աշխատանքային խորհրդակցություն

22.05.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր՝ մայիսի 22-ին կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալուց առաջ կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծեց քաղաքացիների դիմում-բողոքներին ուշադիր և համակարգված պատասխանելու կարևորությունը, թեժ գծի հեռախոսազանգերի վերլուծության վիճակագրությանը պարբերաբար հետևելը:

Հանձնարարվեց այս շաբաթ ավարտին հասցնել գեոդեզիայի և հողաշինարարության վարչության կողմից կրկնակի գրանցումների վերաբերյալ տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությունը և տալ եզրակացություն:

ARPIS համակարգի և Գեոպորտալի միջև հասցեների բազայի կապակցման աշխատանքները շարունակվում են, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը խոստացավ այս շաբաթ զեկուցել վերջնական արդյունքների մասին:

Կոմիտեի ղեկավարը վարչությունների պատասխանատուներին հանձնարարեց առավել ուշադիր լինել, վեր հանել իրավունքի պետական գրանցման կասեցումների վերաբերյալ խնդիրները, ներկայացնել մանրամասն տեղեկատվություն առանձին կասեցումների վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօրվանից ուժի մեջ է մտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը։

Այսուհետ տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձանց կողմից կոմիտեի սպասարկման գրասենյակներում ընդունվելու են միայն այն դիմումի տեսակները, որոնք Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ ( https://www.e-cadastre.am/ ) մուտքագրելիս պահանջում են էլեկտրոնային ստորագրություն:

Պատասխանատուներին հանձնարարվեց մեկ անգամ ևս համոզվել, որ սպասարկման գրասենյակներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները, որպեսզի հնարավոր լինի տեղում օգնել քաղաքացիներին առանց խնդիրների մուտքագրել էլեկտրոնային դիմումները։