Տեղի ունեցավ Ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի 3-րդ նիստը
Հուլիսի 7-ին Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտեի ղեկավարին կից Ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի երրորդ նիստը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից․
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality,
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia:
Ողջունելով մասնակիցներին՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը շեշտեց, որ աշխատանքային խմբի այս հանդիպումը միտված է ամփոփելու ազգային ստանդարտների ստեղծման գործում կատարված աշխատանքները։
Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ տարածական տվյալների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն, և այդ նպատակով ստեղծել և գործարկվել է ազգային գեոպորտալը, որում ներառված են բազային շերտերը, 2014 և 2021 թվականների օդալուսանկարները։
Տարածական տվյալները պետք է հավաքագրվեն մեկ միասնական հարթակում, ինչը կնպաստի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ավելի ճշգրիտ և օպերատիվ որոշումների կայացմանը։
Իր խոսքում Սուրեն Թովմասյանը նշեց, որ ինտեգրված կադաստրի գերնպատակը ոչ թե պարզապես միասնական բազայի ստեղծումն է, այլ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի բազա, որը իրական ժամանակում կապահովի ճշգրիտ, առցանց, թարմացման հնարավորությամբ տեղեկատվության տրամադրումը։
Ընդունվել են «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքները, , հաստատվել են աշխատանքի արդյունավետությանը նպաստող մի շարք իրավական ակտեր։
Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշման՝ թեմատիկ շերտերը ստեղծվում և վարվում են լիազոր գերատեսչության կողմից։
Նիստի մասնակիցները փաստեցին, որ բոլոր կառույցներում էլ կատարվում է աշխատանք, սակայն կա ինտեգրման խնդիր, մասնագիտական ռեսուրսի սղություն, խանգարում է նաև թղթային տարբերակով պահվող տեղեկատվության առկայությունը։
Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկայում գրություններ կուղարկվեն շահառու մարմիններին՝ իրենց կողմից տարածական տվյալների կառավարման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրների նկարագրման նպատակով։ Կադաստրի կոմիտեի պատասխանատուները կվերլուծեն առկա խնդիրները, կմշակվեն գերատեսչություններին աջակցելու հնարավորությունները։
Պահանջվող մասնագետների հմտություններն ու կարողությունները նույնպես կներկայացվեն Կադաստրի կոմիտե, կկազմվի համապատասխան նկարագիր, որը կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ կրթական փոփոխություններ կատարելու առաջարկով։
Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերը ուղղեցին Կոմիտեի մասնագետներին, նշեցին, որ ցանկալի կլիներ ավելի հաճախակի դարձնել աշխատանքային խմբի հանդիպումները։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ս Թովմասյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ լավագույն արդյունքի հասնելու համար աշխատանքային խմբից ակնկալում է թիմային ու միասնական աշխատանք։