Արման Պետրոսյանը ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Վարչապետի 972-Ա որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Պետրոսյանն իր աշխատանքային գործունեությունը կադաստրի համակարգում սկսել է 2006 թվականից՝ որպես Կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության առաջատար մասնագետ։
2008-2015 թվականներին ղեկավարել է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների, կառավարման ավտոմատացված համակարգերի և սպասարկման գրասենյակների համակարգման վարչությունները։
Շուրջ 6 տարի զբաղեցնելով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ Պետրոսյանը համակարգել է կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության, գրասենյակների համակարգման վարչության և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքները։
Արման Պետրոսյանն անմիջական ներդրում է ունեցել կադաստրի գործառույթների ավտոմատացման՝ մասնավորապես ARPIS ծրագրի ստեղծման և ներդրման, կադաստրային գնահատման ավտոմատացման, առցանց ծառայությունների ներդրման, սպասարկման գրասենյակների ստեղծման և կայացման, ինչպես նաև գնահատման ոլորտի բարեփոխման ու անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգի ներդրման գործում։
Աշխատանքային գործունեության ընթացքում Պետրոսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ և ԼՂՀ վարչապետների ու կոմիտեի ղեկավարի հուշամեդալներով։ Պարգևատրվել է պատվոգրերով կադաստրի համակարգում բարեփոխումների իրականացման աշխատանքներում ունեցած զգալի ներդրման և կադաստրի համակարգի զարգացմանն աջակցելու, կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար։
Կադաստրի կոմիտեի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Արման Պետրոսյանին մասնագիտական հմտությունների, նվիրումի, կադաստրի համակարգի զարգացմանը և բարեփոխումներին նպաստած մեծածավալ աշխատանքի համար։
Մաղթում ենք հաջողություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում։