Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե

12.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։

Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։

Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։

Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։

Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։

Նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ, 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 35,8 տոկոսը ներկայացվել է առցանց):

Ընդլայնվել է առցանց տրամադրվող տեղեկությունների ցանկը, մշակվել են նոր տեղեկատվական փաթեթներ։ Ներդրվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը։

Ավելացել են նաև տեղեկատվության տրամադրման առցանց հարցումները (ինքնաշխատ պատասխան)․ եթե 2020-ին ստացվել է 3 հազար 203 առցանց հարցում, ապա 2023-ին՝ 43 հազար 199։

Մանրամասները հղումով․

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/01/12/Nikol-Pashinyan-meeting/?fbclid=IwAR1Z1aeU_tAtHZ8TZ-Qy_2z8BeoB4hbHs9JsP6my1D43Rg_2hf-JTy9myBg#photos[pp_gal_1]/10/