Աշխատանքային խորհրդակցություն

15.01.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր կայացավ հերթական՝ այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը։

Մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ պայմանավորված նախորդ շաբաթ Կադաստրի կոմիտե կատարած վարչապետի այցով, ամփոփվեցին արդյունքներն ու հիմնական անելիքները։

Ամփոփելով 2023 թվականի գործունեությունը՝ կոմիտեի ղեկավարը հավելեց, որ կշարունակվեն թիրախային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները, գործնական փուլ կթևակոխեն կոմիտեի օրենսդրական նախաձեռնությունները։

Առաջիկայում կոմիտեի ղեկավարին կներկայացվի կադաստրային քարտեզներում չտեղադրված անշարժ գույքերի տեղադրման աշխատանքների բաշխվածությունը, ժամանակացույցը, տեղադրված անշարժ գույքերի քանակը ամփոփող տեղեկատվություն, իսկ այս ամսվա վերջին կավարտվեն Վայոց ձորի մարզի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները։

Պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարվեց լուծումներ առաջարկել տվյալների բազայում չնույնականացված սուբյեկտների և դրանց առնչվող խնդիրների լուծման համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ շարունակվում են աշխատանքները ՀՀ աշխարհագրական անվանումները ազգային գեոպորտալում առանձին շերտերով վիզուալիզացնելու ուղղությամբ։

Միջազգային հարթակում պատշաճ ներկայանալու նպատակով պատրաստվում է եռալեզու շնորհանդես՝ կոմիտեի գործառույթների, համապատասխան ոլորտում կատարված փոփոխությունների, առաջիկա քայլերի և միջոցառումների վերաբերյալ, որը կմշակվի և կամփոփվի արտաքին կապերի վարչության կողմից՝ անհրաժեշտության դեպքում միջազգային հարթակներում անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելու նպատակով։

Գրանցման վարչության պատասխանատուները կսկսեն մեկնարկային աշխատանքները գրանցման համակարգում ռազմավարական փաթեթի մշակման ուղղությամբ։

Հանձնարարականներ հնչեցին նաև թեժ գծի հեռախոսազանգերին արդյունավետ պատասխանելու, քաղաքացիների կրկնվող հարցերին թիրախավորված պատասխանելու վերաբերյալ։

Ավարտվել են Երևան համայնքի վարչական շրջանների կադաստրային քարտեզները առցանց համակարգ տեղափոխելու աշխատանքները, որի գործիքակազմին առավել մանրամասն կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։