Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ, այսօր՝ 2-րդ ընթերցմամբ ընդունեց ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ելույթում նշեց, որ փաթեթով ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 16-րդ հոդվածը, իսկ դրանով նախատեսվող կարգավորումը սահմանվում է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:
Օրենքը լրացվում է «ինժեներական գեոդեզիա» հասկացությամբ, իսկ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանվում է, որ լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը, ի թիվս այլ գործառույթների,, իրավունք ունի նաեւ իրականացնելու ինժեներական գեոդեզիական ծառայություններ:
Տարանջատվում են գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեությունը եւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության ոլորտներում իրականացվող գործունեությունը` նպատակ ունենալով առանձնացնել նաև դրանց որակավորման ընթացակարգերը եւ տարբեր պահանջներ սահմանել որակավորման գործընթացների համար:
«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքը լրացվում է նոր` 16.1-16.5-րդ հոդվածներով, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացմանը, տվյալ գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությանը, ինքնակարգավորվող կազմակերպության գույքին եւ կառավարման մարմիններին, անդամների վերապատրաստմանը, կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությանը: