Աշխատանքային խորհրդակցություն

05.11.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Անդրադառնալով ընթացիկ անելիքներին՝ կոմիտեի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց ապահովել հասցեների ռեեստրին առնչվող աշխատանքների ավարտը՝ քարտեզի վրա հասցեներ տեսնելու և ընտրելու հնարավորություն ստեղծելով:

Այդ համատեքստում կիրականացվի աշխատանքի վերաբաշխում, առանձին խմբերի դասակարգում՝ նշելով պատասխանատու աշխատակիցներին և համապատասխան աշխատանքային գրաֆիկ:

Համայնքների հաստատված գլխավոր հատակագծերը կինտեգրվեն քարտեզագրական բաղադրիչին համապատասխան՝ հասանելիություն տալով անշարժ գույքի ռեգիստրներին և քարտեզագրողներին:

Առաջիկայում այդ աշխատանքների կատարման վերաբերյալ  հաշվետվություն կներկայացնեն ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ. Գրիգորյանը։  

Պատասխանատուները առաջիկայում կներկայացնեն նաև տարածական տվյալների զարգացման ռազմավարության փաթեթը՝ թեմատիկ շերտերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող պետական այլ մարմինների վրա ազդող գործիքակազմ ներդնելու տրամաբանությամբ:

Մասնագիտական վարչությունները կվերլուծեն կոմիտեի կադրային բազան և կապահովեն կառուցվածքային փոփոխությունների արդյունքում միավորված ստորաբաժանումը անշարժ գույքի պետական ռեգիստրներով համալրելու գործընթացը: Պարտադիր հաշվի առնել կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման գործունեության դադարեցման ընթացքում արձանագրված՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթներին առնչվող խնդիրները և բացառել դրանք՝ կոմիտեի Շիրակի և Սյունիքի մարզային ստորաբաժանումների գործունեության՝ Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվող դադարեցման ընթացքում:

Գրանցման  և իրավաբանական վարչության պատասխանատուներին հանձնարարվեց ներկայացնել գրանցման ռազմավարության փաթեթը՝ ներառելով նաև կրթական, մասնագիտական գիտելիքների զարգացման, վարքագծային կարգավորումների պահանջներ: