Աշխատանքային խորհրդակցություն

09.12.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Այսօր Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս հորդորեց պատասխանատուներին գրություններին պատասխանելիս աշխատանքը կազմակերպել առաջացած հարցերը քննարկել նախապես՝ բացառելով ժամկետների խախտումները։

Պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարվեց կազմել Կադաստրի կոմիտեի գործառույթների, մասնավորապես անշարժ գույքի գրանցման, գնահատման, թվային գործիքակազմի ներդրման, տարածական տվյալների ենթակառուցվածքի վերաբերյալ հարցաշար՝ ուղղված մասնագիտական հանրությանը, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմիններին և այդ մասին տեղեկատվություն ներկայացնել կոմիտեի ղեկավարին:

Այս շաբաթ կոմիտեի ղեկավարին կներկայացվի նաև անձնական գրասենյակի գործիքակազմի ներդրման գործընթացից բխող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Առաջիկա օրերին աշխատանքային քննարկում կկազմակերպվի «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի դերը գետային վարարումների կանխարգելման և կառավարման գործընթացում» նախագծի, ինչպես նաև տարածական տվյալների զարգացման ռազմավարության փաթեթի վերաբերյալ:

Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունը կպատրաստի և կներկայացնի անշարժ գույքի շուկայում ներկայումս գործող և առաջիկա մի քանի տարիների համար կանխատեսվող գների վերաբերյալ տեղեկատվություն:

Գրանցման և Իրավաբանական վարչություններին հանձնարարվեց գրանցման ռազմավարության փաթեթը մշակել արմատական ու կառուցողական մոտեցումներ կիրառելու, մասնագիտական գիտելիքների զարգացման և վարքագծային կարգավորումների պահանջներ ներառելու տրամաբանությամբ: