Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեցին 2020 թ. պետբյուջեում Կադաստրի նախատեսած ծախսերը
04.11.2019
Խորհրդարանի մշտական երկու հանձնաժողովների (տնտեսական և ֆինանսաբյուջետային) համատեղ նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը նոյեմբերի 4-ին ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի 2020 թ. նախագծում Կադաստրի կոմիտեի նախատեսած ծախսերը՝ 5,2 մլրդ դրամ։
Կարախանյանը խոսեց նաև Կոմիտեի ձեռնարկած կապիտալ շինարարության ծախսերի, մասնավորապես՝ Կադաստրի միասնական արխիվի՝ Վանաձորում կառուցվող շենքի մասին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե միասնական արխիվի նոր անձնակազմը և շինաշխատանքն «ինչ բեռ պետք է լինեն» պետբյուջեի վրա, պատասխանեց.
«Հաշվի առնելով, որ մենք Շիրակի և Լոռու մարզերում ստորաբաժանումներ ունենք, որոնք արխիվային մասեր ունեն, կադրերի բազան նրանք են լինելու, անհրաժեշտության և համաձայնության դեպքում, Երևանի արխիվներից էլ մարդիկ կգործուղվեն Վանաձոր։ Այսինքն, միասնականացումը կարվի գոյություն ունեցող հաստիքների սահմաններում… Ինչ վերաբերում է շինարարության բյուջեին, դա, ըստ էության, բյուջեի վրա լրացուցիչ «բեռ» չի լինելու, քանի որ Կադաստրը իր ծախսերն իրականացնում է իր կողմից հավաքագրված միջոցների հաշվին, հավելյալ գումարներ չեն պահանջվելու»։
Կոմիտեի հնագամյա ծրագրում ներառված է որոշ ստորաբաժանումներ միավորելու հարցը՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այս ծրագրի առաջին քայլը Կոմիտեի միասնական ստորաբաժանման ստեղծումն էր, որն իրականացվեց անցյալ տարվա վերջին, իսկ գործել այն սկսեց 2019-ի աշխատանքային առաջին օրվանից։ Հաջորդ քայլերից մեկն էլ միասնական արխիվային ստորաբաժանման ստեղծումն է, որտեղ միավորվելու է Կոմիտեի ամբողջ արխիվը։
-- Լուսանկարում՝ կադր համատեղ նիստի տեսագրությունից։