2021-ի անելիքներն ու ծրագրերը շատ են․ տարեսկզբի առաջին աշխատանքային հանդիպումը
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն սկսեց Կադաստրի համակարգում՝ դեռևս նախորդ տարվանից ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արձանագրմամբ:
Այս շաբաթ արդեն Կոմիտեի ղեկավարին կներկայացվի 2020 թվականի ընթացքում սուբյեկտների նույնականացման աշխատանքների վերաբերյալ վերջնական հաշվետվությունը, իսկ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերջնական տարբերակը իրավական փորձաքննության կներկայացվի արդարադատության նախարարություն։
2021 թվականի առաջին ամսվա ավարտին արդեն պատրաստ կլինեն և կներկայացվեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխությունների առաջարկությունները։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանին հանձնարարվեց չափագրողների առցանց գրասենյակի մասին տեղեկացնել դաշտում գործունեություն ծավալող բոլոր չափագրողներին և կազմակերպություններին:
Նախորդ տարվա ընթացքում բավականին ակտիվ աշխատանքների մեջ ներգրավվածություն ունեցած Գեոմատիկայի կենտրոնում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ օրթոֆոտոհատակագծերի և ճշգրտված քարտեզների համակցման մեթոդաբանության ու կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ, իսկ առաջիկայում մասնագետներին և հանրության լայն շրջանակներին կներկայացնենք կենտրոնի կողմից հրատարակված արդեն ռուսերեն ատլասը։
Գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի հավաստմամբ՝ տարեսկզբին կավարտվեն Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող մասնաշենքի համապատասխան վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքները:
Գալիք տարում նախատեսվում է Կադաստրի կոմիտեի և դատական համակարգի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում, որի տեխնիկական առաջադրանքի վերջնական տարբերակը Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն արդեն այս շաբաթ կներկայացնի կոմիտեի ղեկավարին։