2021թ. օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան չորրորդ «Ռեֆորմների ցուցահանդես»-ը։
2021թ. օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան չորրորդ «Ռեֆորմների ցուցահանդես»-ը։ Միջոցառումը ՀՀ Կառավարության հետ համատեղ նախաձեռնել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ)՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
Կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը ու Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը «ՀՀ հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում» հանձնառության շրջանակներում ներկայացրին քարտեզագրական տվյալների թարմացման և առցանց հասանելիության ապահովման ուղղությամբ կատարած աշխատանքները։
Ներդրվել է ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների ընթացիկ վարման համար նախատեսված առցանց քարտեզագրական միջավայր։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության 374 բնակավայրի կադաստրային քարտեզների վարումը իրականացվում է քարտեզագրական նոր բաղադրիչի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (www.e-cadastre.am) ունենալ այդ բնակավայրերի թարմացված քարտեզները։ Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգի միջոցով բազային քարտեզագրական շերտերը (թաղամաս, հողամաս, շենք, հողային ֆոնդ, սեփականության սուբյեկտ, 2014 թվականի օրթոֆոտոհատակագծեր) կառավարության գերատեսչական ցանցում հասանելի են դարձել պետական կառավարման մարմինների համար։
Մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը նախատեսվում է ապահովել հողային բազայի, հողօգտագործման սխեմաների գոտևորման փաստաթղթերի (տվյալների) ամբողջական հասանելիությունը հանրության համար՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության ռեժիմը և համապատասխան կառույցների հանրային հաշվետվողականությունը։
«Ռեֆորմների ցուցահանդեսը» արդյունավետ հարթակ էր ոլորտային բարեփախումների հետագա զարգացմանն ուղղված կարևոր առաջարկների քննարկման համար։