Կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը

06.09.2021
Կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը

 «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ին ընդունված N 698-Ն որոշման իրականացման շրջանակներում ՀՀ Կադաստրի կոմիտեի «Գեոմատիկայի կենտրոն» ստորաբաժանման մասնագետները կատարել են Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական և Նոր Կյանք համայնքների կադաստրային քարտեզների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքերի և սահմանների սխալների ուղղման աշխատանքներ, որոնց  նպատակն է կադաստրային քարտեզները համապատասխանեցնել օրթոֆոտոհատակագծերին՝ առանց  հողամասերի գծային չափերի, երկրաչափական տեսքի և մակերեսների փոփոխման։

Ուղղման աշխատանքների ավարտից հետո չորս համայնքների ճշգրտված կադաստրային քարտեզների նախագծերը՝ համադրված օրթոֆոտոհատակագծերով, թղթային և էլեկտրոնային տարբերակներով տրամադրվել են համապատասխան համայնքների ղեկավարներին և տեղադրվել են կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքում։ Համայնքների ղեկավարների վերջնական հաստատումից հետո, Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով, 2021 թվականի հուլիսի 21-ից կադաստրային քարտեզների վարումն իրականացվում է առցանց ՝ ուղղված կադաստրային քարտեզներով։

 2021թ. օգոստոսի 28-ից օրթոֆոտոհատակագծերի հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղումները հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում։