Աշխատանքային խորհրդակցություն

21.01.2025
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական՝ այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը։

Կոմիտեի ղեկավարը պատասխանատուների հետ քննարկեց հասցեների ռեեստրին առնչվող աշխատանքը, որի արդյունքում կներկայացվի հասցեավորման որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերջնական տարբերակը:

Կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը կոմիտեի ղեկավարին է ներկայացվում շաբաթական կտրվածքով։

Իրավաբանական և գրանցման վարչություններին հանձնարարվեց կազմակերպել աշխատանքային քննարկումներ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես ռեգիստրների հանդեպ կրթական պահանջի սահմանման, գնահատման նոր մեթոդաբանության ներդրման, հաշվետվողականության, համապատասխան թվային գործիքակազմի առկայության, ինքնաշխատ եղանակով իրավունքի պետական գրանցում կատարելու, իրավունքի պետական գրանցման այլընտրանքային տարբերակներ մշակելու վերաբերյալ:

Առաջիկայում կմշակվի նախագիծ քաղաքացիների կողմից Կադաստրի կոմիտե ձեռագիր (նոտարով չվավերացված) լիազորագրերով դիմումներ ներկայացնելու գործընթացը բացառելու և նոտարական լիազորագրի առկայություն սահմանելու վերաբերյալ՝ նշված գործընթացում մատուցվող միջնորդական ծառայությունները օրենքի սահմաններում բացառելու նպատակով:

Գրասենյակների համակարգման վարչությունը առաջիկա օրերին կմշակի և կներկայացնի նախագիծ սպասարկման գրասենյակների աշխատակիցների արտաքին տեսքին վերաբերող պահանջների վերաբերյալ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ. Գրիգորյանին հանձնարարվեց ներկայացնել գրանցման համակարգում հասցեները բացառապես ռեեստրից ընտրելու նպատակով համապատասխան թվային գործիքների ներդրման վերաբերյալ տեղեկատվություն և ժամկետներ աշխատանքի կատարման վերաբերյալ:

Քննարկվեցին և հստակեցվեցին նաև ընթացքի մեջ գտնվող և շարունակական բնույթ կրող այլ հանձնարարականներ։