Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը. Օրենքի նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է եւս մեկ հնարավորություն ընձեռելու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը եւ համայնքին պատկանող:
Ներկայացնելով նախագիծը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել եւ չեն օրինականացվել:
Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները: Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները եւ փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով:
Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելը, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում՝ այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանությամբ, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:
Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ նախագիծը սպասված է եւ հորդորել է լինել ավելի ուշադիր եւ ժամկետի սահմաններում օրինականացնել ինքնակամ կառույցները:
Զեկույցից հետո Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանեց ԱԺ պատգամավորների բարձացրած հարցերին, պարզաբանեց նախագծից բխող տարբեր հարցեր։
Սուրեն Թովմասյանի ելույթը․
https://youtu.be/hGIR1VTzJjs?t=15572