Աշխատանքային խորհրդակցություն

Տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրվող աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Պարոն Թովմասյանը մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկեց օրակարգում առկա հանձնարարականները, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված անելիքները։
Մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարվեց մշակել ընթացակարգ բոլոր պետական մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվության հարցումները էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի կամ համակարգերի փոխգործելիության հարթակների միջոցով կատարելու վերաբերյալ:
Իրավաբանական և գրանցման վարչությունները վերջնական տեսքով արտաքին շրջանառության մեջ կդնեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի ամբողջական փաթեթը:
Գեոդեզիայի և հողաշինարարության վարչությանը հանձնարարվեց յուրաքանչյուր շաբաթ հասցեավորման բազայում իրականացնել ընտրանքային ստուգումներ և հայտնաբերված թերությունների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն:
Կներկայացվի նաև հաշվետվություն նույնականացված գույքային միավորների (տեղադրված և չտեղադրված կադաստրային քարտեզների վրա) և չնույնականացված գույքային միավորների քանակի վերաբերյալ:
Կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքների պատասխանատուներին հանձնարարվեց աշխատանքային գրաֆիկը կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում (այն է՝ 2026թ․ մարտին) ավարտվեն բոլոր աշխատանքները։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետներին հանձնարարված է մշակել և Ազգային գեոպորտալում ներդնել այնպիսի թվային գործիք, որի միջոցով քաղաքացին կկարողանա էլեկտրոնային համակարգից ինքնաշխատ եղանակով ներբեռնել բազային քարտեզագրական շերտերին վերաբերող տվյալները ցանկացած մասշտաբով: