Կոմիտեի պատասխանատուները Արմավիրի մարզում էին

Մարտի 14-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի և Նորակերտ համայնքի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանի հետ այցելել էին Նորակերտ բնակավայր։
Կոմիտեի պատասխանատուները համայնքապետարանի և մարզպետի աշխատակազմի և ներկայացուցիչների հետ մասնակցել են համայնքի բնակիչների հետ կազմակերպված հանդիպմանը։
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Նորակերտի բնակիչներին հուզող հարցերին, տեղում քննարկել և գտնել լուծման հնարավոր տարբերակները։
Համայնքի բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը և կադաստրային քարտեզներում տեղ գտած սխալներին։
Համայնքի հետ առավել արդյունավետ համագործակցության և առկա խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մարզպետի և մյուս ներկաների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակական դարձնելու համայնքի հետ տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Կադաստրի կոմիտեի գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր։
Սուրեն Թովմասյանը ընդգծել է, որ համայնքներում առկա հիմնախնդիրների օպերատիվ կարգավորման, խնդրահարույց հարցերի արագ և արդյունավետ լուծման նպատակով Կադաստրի կոմիտեի պատասխանատուները պատրաստ են տրամադրել խնդիրների գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվություն և մասնագիտական շարունակական աջակցություն: