ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Նյու Յորքում էր

02.05.2025
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Նյու Յորքում էր

2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի հերթական նստաշրջանը, որի շրջանակներում աշխարհագրության, քարտեզագրության, երկրատարածական տեղեկատվության, լեզվաբանության և պատմության ոլորտների մասնագետները մասնակցում են՝ սովորելու և կիսվելու լավագույն փորձով ու նորմերով, ինչպես նաև աշխարհագրական անվանումների կառավարման և ստանդարտացման նոր զարգացումներով։

Կադաստրի կոմիտեից նստաշրջանին մասնակցում են կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը և արտաքին կապերի վարչության պետ Մարինե Սահակյանը։

Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվել է «Աշխարհագրական անվանումների ստանդարտացման առաջխաղացումը Հայաստանում՝ կայուն զարգացմանը նպաստելու համար» թեմայով զեկույցը, որը հրապարակվել է ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների կայքեջում:

Այս տարվա նստաշրջանը ընդգծում է աշխարհագրական անվանումների խմբի դերը որպես մշակութային ժառանգության պահպանման խթանիչ, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի համապատասխան ասպեկտներին աջակցելու գործոն: Նստաշրջանն անդրադառնում է «Աշխարհագրական անվանումների ստանդարտացման առաջխաղացմանը մշակութային և ապացույցների վրա հիմնված լուծումների միջոցով՝ կայուն զարգացումն աջակցելու համար» թեմային:

Փորձագետների խումբն ունի իր ռազմավարական և 2021-2029 թվականների աշխատանքային պլանում ամրագրված աշխատանքային ծրագիրը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են կայուն զարգացմանը նպաստող տեղանունների, տեղանունների տվյալների կառավարման և աշխարհագրական բառարանների, ռոմանացման համակարգերի, բազմազանության ներառման, տեղանունների և աշխարհագրական անվանումների՝ որպես մշակութային ժառանգության ոլորտում կարողությունների զարգացման թեմաները:

ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի նստաշրջանները անցկացվում են երկու տարին մեկ անգամ: