Սուրեն Թովմասյանը ընդունել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի ուսանողներին

Այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ընդունել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողներին և դասախոսներին։
Հանդիպմանը ներկա էին քոլեջի քաղաքաշինական կադաստր մասնագիտացմամբ սովորող 20 ուսանողներ, քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, համալսարանի դասախոսներ Լարիսա Մանուկյանը, Սամվել Կրոյանը և Սեդա Բադեյանը։
Կոմիտեի ղեկավարը ուսանողների հետ զրուցել է Կադաստրի կոմիտեի գործառույթների, առաջնահերթությունների, հեռանկարների և մի շարք այլ թեմաների շուրջ, ներկայացրել ոլորտային ծրագրերը, վերջին տարիներին կատարված բարեփոխումները, թվայնացման գործիքների կատարելագործումը։
Կարևորելով այն հանգամանքը, որ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը այսօր առավել քան միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, Կադաստրի կոմիտեն պատրաստակամ է ներգրավելու ուսանողներին տարբեր հետազոտական աշխատանքներում, աջակցել կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը։
Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Սուրեն Թովմասյանը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին։
Կադաստրի կոմիտեի հիմնական գործառույթներին վերաբերող հարցերից բացի, հնչեցին հարցեր գույքահարկի հարկման գործընթացի, քարտեզներում առկա անճշտությունների, ոլորտը կարգավորող օրենքներում սպասվող փոփոխությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
Կարևորելով մասնագիտական սերնդափոխության արդյունավետ կիրառումը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը ուսանողներին հորդորեց մշտապես հետևել իրենց մասնագիտության պատասխանատու գործառույթներին, հետևել նորարարություններին, որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետ դառնալու ճանապարհին անել ամեն ինչ:
Ընդգծելով մասնագիտությամբ աշխատելու կարևորությունը՝ Սուրեն Թովմասյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Կադաստրի կոմիտեն միշտ պատրաստ է նպաստել ապագա մասնագետների համար անհրաժեշտ ու կիրառելի գիտելիքներ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: