Աշխատանքային խորհրդակցություն

14.07.2025

Կայացավ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարում էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանին հանձնարարվեց յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացնել հաշվետվություն Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից յուրաքանչյուր օր տրամադրվող, մոնիթորինգի թվային գործիքի միջոցով անշարժ գույքի տվյալների բազայում հայտնաբերված սխալ տվյալների, դրանց ուղղումների քանակի և չուղղվելու դեպքում դրանց հիմնավորումների վերաբերյալ:

Առաջիկայում մասնագիտական ստորաբաժանումների կողմից կներկայացվեն առաջարկություններ իրավունքի պետական գրանցման գործընթացում հասցե տրամադրելու մասով ծրագրային ապահովման, տեխնիկական լուծումների վերաբերյալ:

Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը հանձնարարվեց ներկայացնել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ շնորհանդես՝ ըստ էլեկտրոնային հարթակի գործիքակազմի, օգտվողների, համակարգի հնարավորությունների, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն Կադաստրի կոմիտեի կողմից բազմաբնակարան շենքերի անշարժ գույքի միավորների՝ գույքահարկի բազա մուտքագրման հարցի վերաբերյալ։

Մշակվում է մեթոդաբանություն, որով կբացառվի տրամադրվող միասնական տեղեկանքներում որևէ թերության կամ սխալի առկայությունը:

Յուրաքանչյուր ամսվա վերջում կկազմակերպվի աշխատանքային քննարկում՝ բազային քարտեզագրական շերտերի ստանդարտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

Իրավաբանական վարչությանը հանձնարարական տրվեց ուսումնասիրել և ներկայացնել ժառանգության մասով նախատեսվող փոփոխություններից բխող մոտեցումներով լուծվող խնդիրներին, մասնավորապես պետության հանդեպ հարկային պարտավորությունը օրենքի ուժով որպես առաջնային իրավունք դիտարկելու հնարավորությանն առնչվող միջազգային փորձը: