Աշխատանքային խորհրդակցություն

07.10.2025
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հոկտեմբերի 6-ին կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Կոմիտեի ղեկավարը մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Կադաստրի կոմիտեի գործառույթներից բխող հեռանկարային զարգացման ուղղությունները՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը։

 Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունը կներկայացնի անշարժ գույքի շուկայի վերլուծության էլեկտրոնային գործիքակազմ՝ հնարավորություն ընձեռելով ամբողջությամբ թվայնացնել ներկայումս հրապարակվող տվյալները։

Առաջիկայում կմշակվի յուրաքանչյուր գնահատված գույքի և յուրաքանչյուր գույքային գործարքի ընթացքում համապատասխան գների վերաբերյալ տեղեկատվության համար GIS գործիքակազմ: Գեոպորտալում կստեղծվի առանձին շերտ, որը կարտացոլի անշարժ գույքի գների վերաբերյալ տեղեկատվություն:

 Կներկայացվի օրենսդրական փաթեթ, որով կսահմանվեն չափագրողի պարտավորությունները իրավունքի պետական գրանցման համար չափագրման փաթեթ ներկայացնելիս (փաթեթում ներառվի չափագրողի եզրակացությունը անշարժ գույքը իրավունքի պետական գրանցման ենթակա լինելու վերաբերյալ): Հարցի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվի քննարկում կոմիտեի ղեկավարի մոտ:

Ինքնաշխատ իրավունքի գրանցման գործընթացի համար անհրաժեշտ ծրագրային փոփոխությունների, ծրագրային ապահովման գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը կոմիտեի ղեկավարի տեղակալները կուսումնասիրեն և հաջորդ շաբաթ կիրականացվի ծրագրային փորձարկում։

Դիմումների ներկայացման գործընթացը ուսումնասիրելու նպատակով կոմիտեի ղեկավարի և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվի ևս մեկ այց «Կենտրոն» սպասարկման գրասենյակ։