Ազգային Ժողով․ Օրենսդրական նախաձեռնություններ

14.01.2026
Ազգային Ժողով․ Օրենսդրական նախաձեռնություններ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին կայացած հերթական նիստի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ զեկուցելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը`տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել օրենքում եւ ամրագրել, որ դիմումների ներկայացումն իրականացվելու է ոչ թե սպասարկման գրասենյակներում, այլ խորհրդատվական կենտրոններում:

Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է իրականացրել նաև կանոնադրության մեջ, ինչի համաձայն՝ նախորդ տարի որոշակի քանակով սպասարկման գրասենյակներ փակվել են եւ ստեղծվել են նոր ստորաբաժանումներ՝ խորհրդատվական կենտրոններ, որոնք իրենց գործառութային առումով ավելի լայն ֆունկցիոնալություն ունեն, քան սպասարկման գրասենյակները:

Կոմիտեի ղեկավարի տեղակալը հավելել է նաև, որ նախորդ տարվա փոփոխությունների արդյունքում արդեն իսկ կան գործող 3 խորհրդատվական կենտրոններ:

Հաջորդ փուլով նախատեսվում է այդպիսի մեկական կենտրոններ ստեղծել բոլոր մարզերում, իսկ երկուական` Երեւանում: Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հայտնել է, որ այն նպատակ ունի ամրապնդել շուկայական գնահատման ոլորտի ընդլայնումն ու կայացումը, ինչպես նաեւ գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների եւ հանրության վստահության բարձրացումը:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որեւէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել:

Հանձնաժողովը այս նախագծին ևս տվել է դրական եզրակացություն:

Նանե Ղազարյանի ելույթը` հղումով.

https://www.youtube.com/live/wszpUuIH9P4?t=722s։