Ազգային Ժողով․ Գնահատման գործունեության ոլորտը կկարգավորվի
Փետրվարի 4-ին ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Գնահատման գործունեության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը:
Իր զեկույցում կոմիտեի ղեկավարը նշել է, որ սահմանվում է 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Այս կարգի համար սահմանվելու է համապատասխան ընթացակարգ:
Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ 2-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ գնահատման ոլորտում երկու տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ 3-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող եւ լիազոր մարմնի կողմից հաստատված վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք:
1-ին կարգի գնահատողի որակավորման քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ գնահատման ոլորտում հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաեւ 2-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող եւ լիազոր մարմնի կողմից հաստատված վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք:
Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ այս պահին գործող բոլոր գնահատման գործունեության որակավորման վկայականները համարվելու են 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականներ:
Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել գնահատողի որակավորման վկայականի կասեցման ինստիտուտ եւ սահմանել դրա կիրառման համապատասխան հիմքերը:
Նախագծով ամրագրվում են նաեւ գնահատման գործունեություն իրականացելու համար տրամադրվող միավորները եւ դրանց նվազեցման կարգը, վկայականի գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը: Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից՝ մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր, ընդ որում՝ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ անշարժ գույքի բոլոր հաշվետվությունների վերաբերյալ տվյալները պետք է մուտքագրվեն հաշվառման ծրագրի համապատասխան նույնականացման տվյալներով:
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի նիստում և ստացել է դրական եզրակացություն:
Առաջարկվել է օրենքի նախագիծը ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: