Ազգային Ժողով. 1-ին ընթերցմամբ քննարկվել է Կադաստրի կոմիտեի օրենսդրական նախաձեռնությունը
Այսօր՝ փետրվարի 10-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Նախագծերի ընդունումը նպատակ ունի հստակեցնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները եւ ապահովել մասնագիտական վերապատրաստման շարունակականությունն ու գործունեության բարելավումը:
Թովմասյանը հայտնել է, որ նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն՝ կրտսեր, առաջատար եւ գլխավոր: Հստակ ամրագրվում է, թե որ խմբի գնահատողները ինչ գնահատություն կարող են իրականացնել:
Նախատեսվում է, որ այս պահին գործող բոլոր գնահատման գործունեության որակավորման վկայականները համարվելու են 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականներ:
Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր:
Յուրաքանչյուր հաջորդ տարի գնահատողին տրվում է 20 միավոր, ընդ որում՝ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի: