Աշխատանքային խորհրդակցություն

21.04.2026

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ ապրիլի 20-ին կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ ընթացիկ և հեռանկարային անելիքների վերաբերյալ։

Ղեկավարի տեղակալ Գ. Մանուկյանին հանձնարարվեց ներկայացնել հաշվետվություն անշարժ գույքի հասցեների ռեեստրում ուղղված հասցեների քանակի, համայնքներին ուղարկված գրությունների քանակի, բացահայտված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Մասնագետները կվերլուծեն և կդասակարգեն գրանցման գործընթացում բացահայտված խնդիրները, յուրաքանչյուր խնդրի լուծման համար կնշանակվի պատասխանատու, կներկայացվեն առաջարկություններ:

Գրանցման վարչությունը կուսումնասիրի կադաստրային քարտեզների ուղղման նախագիծը, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի քննարկում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ:

Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը հանձնարարվել է մշակել անշարժ գույքի շուկայի ընդհանուր զարգացման ծրագիրը, գնահատման որակավորման քննությունների անցկացման մեթոդաբանությունը, հավաքագրել համապատասխան գրականության ցանկը, նախապատրաստել հարցաշարերը:

Վարչությունն առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ ամբողջ տարածքի համար տարածագնահատման գոտիների փոփոխություններին վերաբերող վերլուծությունների ամբողջական փաթեթը:

Հաշվի առնելով վերջին ժամանակներում ակտիվացած կիբեռհարձակումների փորձերը՝ կոմիտեի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց լինել առավել զգոն և հավելյալ հսկողություն սահմանել կոմիտեի ներքին ցանցային համակարգի, աշխատակիցների համակարգիչների և դրանց անվտանգության պահպանման նկատմամբ: